19 հունվարի 2023 - 17:21 AMT
ՔՊ-ական պատգամավոր․ Իշխանությունն է ցանկացած իրավիճակի քաղապատասխանատուն , բայց դա չի նշանակում` պետք է ամեն ինչ փաթաթել մեկի վզին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվանն ու արձագանքելով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին, ասել է, որ իշխանությունն է քաղաքական պատասխանատուն, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին։

«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և ամեն iնչ փաթաթել մեկ մարդու վզին» , - ասել է Արթուր Հովհաննիսյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսեն, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Օհանյանը։

Հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Սարգսյանը: