20 հունվարի 2023 - 13:10 AMT
ԱԳՆ-ում հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Հունվարի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների միջև: Դրանց ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ գործակցությունը ԵՄ շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։

Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։

Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Նույն օրը կիպրական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: