23 հունվարի 2023 - 10:59 AMT
Հրդեհից զոհված 15 զինծառայողի դիերի նույնականացումն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա հավելել է, որ սկսվել է մարմինները ծնողներին հանձնելու գործընթացը։

Քնությունն ընթացքի մեջ է, սակայն որևէ անձ դեռ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Աբրահամյանը հայտնել է, որ հարցաքննվել է 20 մարդ, փաստաթղթեր են առգրավվել, պարզվում են դեպքի հանգամանքները։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։