23 հունվարի 2023 - 12:25 AMT
Խաչանովը՝ Արցախին աջակցող գրառումների մասին․ Իմ երակներում հայի արյուն է հոսում՝ ուզում էի հավատ և ուժ ներշնչել

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, մեկնաբանելով հաջակցություն Արցախի իր գրառումները Australian Open-ում 2 հաղթանակից հետո, ասել է, որ իր երակներում հայի արյուն է հոսում՝ ուզում էր հավատ և ուժ ներշնչել արցախցիներին։

«Ես բազմիցս եմ ասել, որ պատվում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ ՌԴ-ն, բայց և հայրական, և մայրական կողմից իմ երակներում հայի արյուն է հոսում։ Ուզում էի ինչ-որ կերպ սատարել, հավատ և ուժ ներշնչել»,-ասել է Խաչանովը, գրում է Sports.ru-ն։

Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։

«Ադրբեջանի Թենիսի ֆեդերացիան այս դեպքից հետո հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով պատժել մարզիկին «քաղաքական կարգախոսներ բարձրաձայնելու համար», գրում է Haqqin.az-ը։

Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, կարիերայի մեջ առաջին անգամ դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին, գրում է Sports.ru-ն։

«Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։

«Արցախը վիճելի ռեգիոն է Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական ուժերը ձգտում են ամբողջական վերահսկողության տակ վերցնել ռեգիոնը։ Արդեն մեկ ամիս է այն ենթարկվում է տրանսպորտային շրջափակման»,-գրում է Sports.ru-ն։

Ադրբեջանում վրդովվել են, որ դրան չի հաջորդել Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի արձագանքը, ավելին այդ կազմակերպության նախագահ Շամիլ Տարպիշչևը Haqqin.az-ին ասել է, որ չի մեկնաբանելու այդ իրավիճակը, և որ «դա թենիսիստի անձնական գործն է»։

Australian Open-ի չորրորդ շրջանում Խաչանովի և ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հանդիպման ժամանակ տրիբունաներ ՀՀ դրոշների հետ մեկտեղ, շատերը պարզել էին նաև Արցախի դրոշը։ Մելբուռնի հայ համայնքն այդպիսով միացել է Խաչանովի ակցիային՝ ուշադրություն հրավիրելու Արցախի ավելի քան 40-օրյա շրջափակման հարցին, գրում է «Փաստինֆոն»։