23 հունվարի 2023 - 12:37 AMT
ԿԽՄԿ միջնորդությամբ ևս 4 հիվանդ է Արցախից տեղափոխվել ՀՀ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս 4 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ տեղափոխված հիվանդներն ունեին հետևյալ ախտորոշումները ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան»և «Առաջնային անպտղություն»։ Նրանք տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։