24 հունվարի 2023 - 10:38 AMT
Բլինքենը կոչ է արել Ալիևին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես հորդորել եմ նախագահ Ալիևին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Արգելափակման ամեն օրը հղի է հումանիտար ճգնաժամի վտանգով և խաթարում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին»,-ասվում է գրառման մեջ։

Պետդեպի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Բլինքենը կոչ է արել Ալիևին «կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»։

«Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: