24 հունվարի 2023 - 12:48 AMT
Արցախում բանկերը մյուսների քարտերը կսպասարկեն առանց միջնորդավճարի

Այսուհետ Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ երկրում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճարի, տեխնիկապես անհնարինության դեպքում գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:

Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։