24 հունվարի 2023 - 18:06 AMT
Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ նախարարին․ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խոչընդոտում են անվտանգության հաստատմանը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։