25 հունվարի 2023 - 11:35 AMT
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու մասին կեղծ փաստաթղթեր են տարածում

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով ԱՀ քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են շրջանառում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Արցախի ԱԱԽ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: Նշվում է, որ ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում բնակիչներին հորդորվում է դիմել ԱՀ ԱԱԾ կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։