26 հունվարի 2023 - 17:56 AMT
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է` ռուս խաղաղապահներն ու սահմանապահներն արձագանքելու են «ՀՀ-ում ԵՄ առաքելության վարքագծին»

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքելու է առաքելության վարքագծին՝ հաշվի առնելով հողի վրա իրավիճակի զարգացումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ՀՀ սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք արձագանքելու են ԵՄ դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը հողի վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։