27 հունվարի 2023 - 12:21 AMT
Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի արգելափակման մասին․ Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը

Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից՝ հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում էր Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Մենղինին նշել է, որ թեև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին արձագանքելը Վենետիկի հանձնաժողովի մանդատից դուրս է, բայց միևնույն ժամանակ լիովին հասկանում են վիճակի լրջությունը և նամակը կուղարկեն Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին, գրում է «Փաստինֆոն»։

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Շնորհակալություն հունվարի 14-ին ուղարկված նամակի համար, որով հայցել եք Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունն ու գործողությունները՝ Լաչինի միջանցքի շուրջ ծագած մարդասիրական իրավիճակով պայմանավորված:

Վստահեցնում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը Լաչինի միջանցքի շուրջ առաջացած մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ լարված իրավիճակի սրացումից խուսափելու ելքը երկխոսությունն է, նաև պատրաստակամություն է հայտնվել օգնել Հայաստանի և Ադրբեջանի հաշտության հարցում:

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները, ովքեր մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրավիճակի վե­րաբերյալ, միասնական հայտարարությամբ հանդես գալով՝ խորը մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի խափանման հարցում, որը դժվարութ­­յուն­ներ է ստեղծել խաղաղ բնակչության համար, ավելին՝ դիմել են բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու պահանջով:

Վստահաբար տեղյակ եք, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի խնդրանքը և միջանկյալ միջոցներ կիրառելու որոշում կայացրել Ադրբեջանի դեմ, որով կապահովվի ինչպես ծանր հիվանդ անձանց տեղափոխումը դեպի Հայաստան, այնպես էլ այն անձանց տեղափոխումը, ովքեր առանց տանիքի և ապրելու միջոցների մնացել են այդ ճանա­պար­հին:

Դեկտեմբերի 22-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միլատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որով ևս մտահո­գություն է հայտնել այն մասին, որ տևական ժամանակ փակ ճանապարհը մարդկանց զրկում է իրենց տները հասնելու, կենսական ապրանքներ, բժշկական միջոցներ և մթերք­ներ ստանալու հնարավորություններից, և այդ ամենը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտվել մարդու իրավունքներից: Հանձնակատարը նույնպես դիմել է Լաչինի միջանցքի անվտանգության հարցում հասարակական կարգը պահպանելու պատասխանատու անձանց՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի վերա­կանգնվի ճանապարհով ազատ տեղաշարժը և այդ հարցը դիտարկել է որպես անհե­տաձգելի միջոց՝ թույլ չտալով մարդասիրական իրավիճակի վատթարացում»,-ասվում է նամակում։

Նա նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է, որի գլխավոր գործառույթն անդամ պետություններին իրավաբանական խորհրդատվության տրամադրումն է, մասնավորապես, Հանձնաժողովն աջակցում է անդամ պետությունների իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարական և միջազգային փորձին, Մարդու իրավունքներին և օրենքներին համապատասխանեցնելու հարցում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։