27 հունվարի 2023 - 15:57 AMT
Աբրահամյան․ Իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք դիմակայությունն ամբողջ ծավալով տեղափոխել ՀՀ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ամբողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով:

«Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքելու է առաքելության վարքագծին՝ հաշվի առնելով հողի վրա իրավիճակի զարգացումը: