27 հունվարի 2023 - 18:38 AMT
Զախարովա․ Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցություններ կազմակերպելու Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակային խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան»,- ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան ասել է, որ հարկավոր է որքան հնարավոր է արագ վերականգնել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղ պայմանագրի կնքումը և շփումները քաղաքացիական հասարակության գծով։

«Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Շարունակվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված եռանդուն ջանքերը։ Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են լարվածությունը նվազեցնելու կոչերով, ռուսական կողմը տեղում՝ գետնի վրա, իրական լուծումներ է որոնում և հումանիտար աջակցություն ցուցաբերում։ Մենք կոչ ենք անում լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել՝ կարգավորելու համար առկա տարաձայնությունները»,-ասել է Զախարովան։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։