28 հունվարի 2023 - 13:13 AMT
Խստացված վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոցում» ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ

Հունվարի 27-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ

Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։

Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։

Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

▪️ մինչև յոթ տարվա արտադրության.

▪️ սպիտակ հիմնագույնի.

▪️ գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

▪️ ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

▪️ «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ hամապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ, տուգանք՝ 50, 000 (հիսուն հազար) դրամի չափով։