30 հունվարի 2023 - 13:07 AMT
ՔՊ-ական պատգամավորն առաջարկել է դադարեցնել արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկել է դադարեցնել արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը։

«Արտարժութային և դրամային հիփոթեքային վարկերում վերջին երեք տարում չաշխատող վարկերի դրամային կշիռը 1.5-2 % է, և 4.5-6 %-ն արտարժութային է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Վերջինս այդ վիճակագրությամբ հիմնավորել է իր հեղինակած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը և սահմանել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրվեն միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

Պապոյանը նշել է, որ գործող կանոնակարգերով հիփոթեքային վարկ տրամադրվում է ոչ միայն ՀՀ դրամով, այլև դոլարով, եվրոյով և փոխարժեքների տատանումների ժամանակ մեծ ռիսկեր են առաջանում ոչ միայն բանկերի, այլև վարկառուների համար:

Անդրադառնալով նախադեպերին՝ ՔՊ-ական պատգամավորը հիշեցրել է, որ դրամական շուկայում շոկերի ժամանակ, հատկապես՝ 2014 թվականին, արտարժութային չաշխատող վարկերի մասնաբաժինը 4-%-ից բարձրացել էր 12 %, իսկ դրամայինը մնացել էր նույն՝ 4% մակարդակում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, նշելով, որ հիփոթեքային վարկերում արտարժութայինը կազմում է 17%, ենթադրել է, որ եթե բացառվեն արտարժույթով վարկեր տալը, ապա բանկերում կուտակված արտարժույթի միակ գնորդը կմնա պետությունը և ենթադրել է, որ օրենսդրական փոփոխություններն արվում են նրա համար, որ առաջիկայում ավելացող արտաքին պարտքի մարման ծավալների մեծացման պայմաններում հեշտ լինի դրանց սպասարկումը:

2022-ի նոյեմբերի տվյալներով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն աճել են։ 2021-ի տարեվերջին ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում կազմել է 10.7%, դոլարայինի դեպքում՝ 9.5%։ 2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8%: