«Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքվել՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:
Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,-ասվում է գրառման մեջ։
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:
«Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company) հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում: