30 հունվարի 2023 - 16:34 AMT
ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու

Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայկական կողմը ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար, հայտնում է «Առավոտը»։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հայտարարել է, որ գերակայությունը տրվել է միջանկյալ միջոցների կիրառման հարցին։

Հունվարի 30-ին դատարանը լսում է կողմերին։ Երևանի ժամանակով 13։00-15։00-ն բանավոր ելույթներ է ունեցել հայկական կողմը, իսկ Երևանի ժամանակով 19։00-21։00-ն՝ խոսելու են Ադրբեջանի ներկայացուցիչները։

Դատարանի նախագահն ասել է, որ 2023-ի հունվարի 26-ի նամակով ՀՀ ներկայացուցիչը դատարանին փոխանցել է լրացուցիչ հայց միջանկյալ միջոցների վերաբերյալ, որոնք վերաբերում են բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների տրամադրմանը ԼՂ-ին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը պնդել է, որ ՀՀ-ն բավարար հիմնավորում չուներ սպասելու մեկ աշխատանքային օր նախքան լսումները և որ Ադրբեջանը չի կարող նոր հայտին պատասխանել բանավոր լսման ընթացքում։

Դատարանի նախագահն ասել է․ «Հաշվի առնելով ՀՀ-ի՝ նոր միջանկյալ միջոց ներկայացնելու հայտի կարճ ժամկետները մինչև լսումների օրը, դատարանը որոշել է, որ Ադրբեջանը կարող է նախնական պատասխան ներկայացնել այսօր և որ իրավունք կունենա ներկայացնել իր գրավոր դիտարկումները, նոր միջանկյալ միջոցի վերաբերյալ ոչ ուշ, քան փետրվարի 1-ը՝ ժամը 15։00»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։