30 հունվարի 2023 - 18:07 AMT
ՀՀ-ում երթևեկության կարգավորման նոր նշաններ կկիրառվեն՝ անկյունագծային հետիոտնային անցում, շրջանցում

Հայաստանում ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ կկիրառվեն, այդ թվում՝ անկյունագծային հետիոտնային անցում, շրջանցում, էլեկտրամոբիլների լիցքավորում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը վստահեցրել է, որ փոփոխությունների նպատակը վարորդների և հետիոտնի համար առավել անվտանգ երթևեկություն ունենալն է, հայտնում է 1lurer.am-ը։

Նոր նշանների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է պակասեցնել 30 ցուցանակ, որոնք հիմնականում վերաբերում են զբոսաշրջությանը:

Ըստ Խաչատրյանի՝ նաև փոփոխվող նշաններ կլինեն:

«Դպրոցների մոտ առավելագույն արագության սահմանափակում ենք սահմանում, օրինակ՝ 40, 20 կամ 30 կմ/ժ, բայց, եթե դպրոցի դասերը սկսվում են առավոտից, ու, ենթադրենք, 15:00-ի կողմերը հետիոտների ինտենսիվությունը պակասում է, բայց վարորդը ստիպված երթևեկում է մեր սահմանված արագությամբ: Նման դեպքերում մենք կարող ենք կիրառել փոփոխվող նշան, որ աշխատանքային օրերի այդ ժամերի արագությունը սահմանափակեն 40, դրանից հետո նորից 60, որ արհետսկան խցանումներ չառաջացնեք»,-ասել է նա։