31 հունվարի 2023 - 17:39 AMT
«Ճանապարհային դեպարտամենտ»․ Աշտարակի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման աշխատանքներում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։

«Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։ Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Անհարմարությունների համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։