1 փետրվարի 2023 - 12:54 AMT
Աբրահամյան․ Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված վիճակին, գրել է, որ Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չի հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում:

Նա հավելել է, որ Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու։

«Կրկնում եմ` հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը:

Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու:

Կա 2 հիմնական տեսակետ:

Առաջին, Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ` առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում:

Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը:

Երկրորդ տարբերակ` Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ:

Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ:

Ադրբեջանը բնականաբար փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը:

Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ պարզապես կլանել Արցախն»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։