2 փետրվարի 2023 - 16:41 AMT
Դեսպան․ Երուսաղեմում հայերի վրա հարձակումը մի քանի ծայրահեղական է արել՝ նրանք հանրությունը չեն ներկայացնում

ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը, անդրադառնալով Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումները մի քանի ծայրահեղական է գործել, որոնք չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այդ ցավալի դեպքերը մի խումբ ծայրահեղականների գործ է, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությունը։ Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հանձնառու է կրոնների ու դավանանքի ազատության սկզբունքներին բոլոր կրոնների պարագայում»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։