2 փետրվարի 2023 - 19:04 AMT
Լավրովը՝ ԼՂ խնդրի մասին․ Պրահայի փաստաթղթից հետո ՌԴ համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի համար դժվար է որոշել իր հետագա քայլերն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում նշված պայմաններով։

«Հիմա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում նշված պայմաններով, Մոսկվայի համար ինչ-որ կերպ դժվար է որոշել հետագա քայլերը: Որովհետև Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որոնք ներառում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այստեղ, ամեն դեպքում, իրավիճակը բազմաշերտ է»,- հայտարարել է Լավրովը, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ չնայած դրան՝ ՀԱՊԿ-ն այս ոչ պարզ իրավիճակում խաղաղապահ օպերացիա տեղակայելու ծրագիր է մշակել։

«Այդ առաջարկն մինչ այս պահը սեղանին է։ Եվ եթե մեր հայ ընկերները, դաշնակիցները նախկինի նման դրանում շահագրգռված լինեն, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,-ասել է Լավրովը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե հոկտեմբերի վերջին Պրահայում ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա: Լավրովը նշել էր, որ Ալմաթիի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր կազմում։ Լավրովը նաև ասել էր, թե հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։