3 փետրվարի 2023 - 10:45 AMT
Հրեա ծայրահեղականները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղական ներխուժել է «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից վայր են գցել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայոց պատրիարքության Սիոն ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանը։

«Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն՝ ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։