Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Էրդողանը վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրի միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։