9 փետրվարի 2023 - 12:46 AMT
Ռուբեն Վարդանյանը՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին․ Եվրոպան չի կարող աչք փակել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին՝ նշելով, որ Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120,000 մարդու ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման վրա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք է ձեռնարկեն՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ։

Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու` ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման, Հայաստանից եկող գազի և հոսանքի մատակարարման դադարեցման մշտական սպառնալիքի, մարդու՝ բոլոր տեսակի հիմնարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։