11 փետրվարի 2023 - 15:55 AMT
Վերականգնվում են 2022-ին պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոները

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում լայն թափով ընթանում են 2022 թ․ պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոների մաքրման, լվացման, ամրակայման և վերականգնման աշխատանքները։

Գտածոների թվաքանակով և ինքնատիպությամբ առանձնանում են հատկապես «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում անցյալ տարի կատարված պեղումները (արշավախմբի ղեկ․՝ Արման Նալբանդյան)։

Հայտնաբերված առարկաներից ուշադրություն են գրավում ջնարակված և տարբեր զարդանախշերով թասիկները, որոնք մեզ են ներկայանում մեծ ու փոքր հարյուրավոր բեկորների խնամքով մշակումից և վերականգնումից հետո։ Թվով շուրջ 30 թասիկներից 14-ի վրա ամբողջ հասակով պատկերված են տարատեսակ թռչուններ, որոնք մեծ բավականություն են պատճառում իրենց հորինվածքով, գունազարդումներով և կատարողական նուրբ արվեստով։

Խեցեղեն գտածոներից զատ՝ վերականգնվում կամ ամրակայվում են նաև մետաղական գտածոներ՝ զանգ, սրբապատկեր, մետաղադրամներ, մատանիներ և այլն:

Խիստ ուշագրավ են նաև Մեծ բաղնիքի պեղումներից հայտնաբերված կավե ծորակները, արձանիկը, որոնք եզակի միջնադարյան Հայաստանի մշակույթն ուսումնասիրելու տեսանկյունից: