11 փետրվարի 2023 - 16:11 AMT
Արցախում կտրոնով կտրվի նաև միրգը, բանջարեղենն ու ձուն

Փետրվարի 21-ից Արցախում պետական պահուստից կտրոններով տրամադրվող պարենային 5 ապրանքին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

«Առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։