11 փետրվարի 2023 - 17:43 AMT
Հայ փրկարարները Թուրքիայում ողջ մնացած 8-ամյա աղջկա են հանել փլատակներից

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարները թուրք փրկարարների հետ կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Հայաստանի փրկարարները ԱՖԱՏ-ի հետ 8 տարեկան աղջնակ մը ողջ դուրս հանեցին փլատակներեն։ Զորակցությունը կյանք է»,-ասվում է գրառման մեջ։

Փայլանը նաև տեսանյութ է հրապարակել։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։