14 փետրվարի 2023 - 18:04 AMT
ՀՀ-ում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում

Հայաստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն» ՀԱՊԿ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն Ղրղզստանում։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում չեն կայանա։

«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունը, որի ընթացքում կմշակվեն հետհակամարտությունների կարգավորման խնդիրները ճգնաժամային գոտում, խաղաղապահ գործողությունների անցկացումը»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 10-ի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։