14 փետրվարի 2023 - 19:01 AMT
Երկրաշարժի գոտում թուրքական քաղաքներից մեկում ոչ մի շենք չի քանդվել` «ապօրինի շինարարություն չի եղել»

Երկրաշարժի գոտում գտնվող թուրքական քաղաքներից մեկում՝ Հաթայի շրջանի Էրզին քաղաքում, ոչ մի շենք չի քանդվել, իսկ քաղաքապետը հայտարարել է, որ զոհեր չկան, քանի որ ինքը թույլ չի տվել ապօրինի շինարարություն։

Միայն մի քանի տուն ու մզկիթների աշտարակներն են վնասվել 42,000 բնակչությամբ քաղաքում, թեև Հաթայը ստորգետնյա ցնցումներից առավեկլ տուժած շրջաններից մեկն է, գրում է Հurriyetdailynews-ը։

«Մենք չունենք փլատակներ, տուժածներ կամ վնասվածք ստացածներ։ Ես թույլ չեմ տվել ապօրինի շինարարություն իրականացնել, թեև փորձեր եղել են։ Թեև սկզբնական շրջանում չէինք կարող բոլորին հետևել անձնակազմի սղության պատճառով, բայց հետո դիմեցիքն դատախազություն և քանդման մասին որոշում կայացրեցինք»,-ասել է քաղաքապետ Օքքեշ Էլմասօղլուն։

Նա նաև նշել է, որ տներն այդ մասում հիմնականում մասնավոր են կամ 4 հարկանի, առավելագույն հարկայնությունը 6 հարկ է։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։