16 փետրվարի 2023 - 14:29 AMT
Միրզոյան․ Մինչ զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք իրագործել 3-րդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի հետ սահմանի հատումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, կառավարության նիստում ներկայացնելով Թուրքիա այցի արդյունքները, նշել է, որ այդ երկրի իշխանությունների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։

Նա հավելել է, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մասնավորապես մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի հետ սահմանի հատումը։

«Որոշվել է արագացնել սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարել էինք, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատումը»,-ասել է Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց պատրաստ է։

«Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ»,-ասել է Փաշինյանը:

Միրզոյանը նաև խոսել է Թուրքիայում հայ փրկարարների աշխատանքի վերաբերյալ դրական արձագանքների մասին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա նպատակ ուներ ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։

Այնուհետև Միրզոյանը մեկն ել է ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ հանդիպել է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ: