16 փետրվարի 2023 - 18:22 AMT
ԿԽՄԿ միջնորդությամբ 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ, 4–ը` վերադարձել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 8 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, 4–ը` վերադարձել ԱՀ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ բուժառուները տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

4 բուժառու, որոնք պետպատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։