Եվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրահանձնաժողովի անունից պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ, հայտնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Պապադակիսի տարածած հայտարարությունը:
«Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ», - գրել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ միասին:
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքի երկայնքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի:
«Նաև ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ ուժերը վերահսկում են Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ համաձայնագրի», - նշված է Պապադակիսի տարածած հաղորդագրությունում:
Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորման շրջանակում 2022-ին 3․6 միլիոն եվրո է հավաքագրվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքների վերացման համար: Նշված գումարը փոխանցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որը միջազգային միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը կարողանում է տեղաշարժվել Լաչինի միջանցքի երկայնքով:
Նաև նշվում է, որ 2020-ի հակամարտությունից հետո ԵՄ-ն մոտ 27 մլն եվրո է հատկացրել՝ ի աջակցություն ռազմական գործողություններից տուժած խոցելի բնակչության:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։