20 փետրվարի 2023 - 11:11 AMT
Փաշինյանը՝ Մյունխենում․ Եռակողմ հայտարարությունում առկա է ԼՂ-ն, և այդ փաստաթղթի տակ Ալիևի ստորագրությունն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Դրան մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Փաշինյանը քննարկման ընթացքում, հակադարձելով Իլհամ Ալիևի այն պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղ չկա, անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությաը և նշել, որ դրանում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նա նշել է նաև, որ շատ կոնկրետ կետեր կան Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել:

Փաշինյանը նշել է, որ ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում և շատ կարևոր է, որ տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության։

Վարչապետը նշել է, որ արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքն արգելափակված է։

«Դժբախտաբար, հիմա Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կասեցված է, գազի մատակարարումը նույնպես կասեցված է, և մենք հաշվել ենք, որ վերջին 70 օրվա ընթացքում գազի մատակարարումը կասեցվել է առնվազն 10 անգամ, և սա խնդիր է, որն արժանի է ուշադրության։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն արդ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետև մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետևանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքը պետք է ազատորեն գործեր։

«Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության: Վերջերս Լեռնային Ղարաբաղից մի խումբ հայ երեխաներ փորձում էին ուղևորվել Լաչինի միջանցքով և նրանց կանգնեցրեցին. որոշ դիմակավորված ադրբեջանցիներ ներխուժեցին ավտոբուսի ներս, որտեղ երեխաները ճչում էին։ Սա Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին փորձն էր ազատորեն տեղաշարժվել Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի նախագահ Ալիևը նշեց քանդված մզկիթների մասին։ Կցանկանայի նշել, որ 2017-ին Ադրբեջանում մի քանի մզկիթներ քանդվել են նոր ճանապարհներ կառուցելու համար։ Իմիջիայլոց, Խորհրդային տարիներին Ադրբեջանում 1560 մզկիթ է քանդվել, և դա սովորական բան էր Խորհրդային Միության համար։ Հայաստանում նույնպես քանդվել են եկեղեցիներ և մզկիթներ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը։ Դա շատ վտանգավոր խոսույթ է, որովհետև ես մտավախություն ունեմ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամբողջ իրավիճակին փորձում է հաղորդել կրոնական կոնտեքստ։ Դա շատ վտանգավոր է։ Չկա որևէ կրոնական կոնտեքստ այս հակամարտությունում։

Եվ իմիջիայլոց, մեր երկրում մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, և ունենք գործող մզկիթ, սա է իրականությունը։ Գիտե՞ք ինչն է Ադրբեջանի խոսույթում մտավախություն առաջացնում. նրա հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, և գուցե այդպես էլ կա, որ Ադրբեջանը որդեգրել է վրեժխնդրության քաղաքականություն: Հնարավոր է դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Բայց ինչպես նշվեց, մենք շատ բարդ պատմություն ունենք, և ես հենց նոր ասացի, որ այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել։ Անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։

Պատասխանելով ՀԱՊԿ-ի ոչ արդյունավետության և կազմակերպությունը լքելու հավանականության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է հայկական կողմի մոտ որոշակի մտահոգություններ կան ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել։

«Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։