20 փետրվարի 2023 - 17:06 AMT
Պապիկյանն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական գործակցությունը, հանդիպել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցչին

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաև հայկական տաղավար:

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։