21 փետրվարի 2023 - 14:38 AMT
Խաչատուրովը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով

ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրվը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:

Խոսքը գնում է չգործող զորամասի տարածքի վաճառքի գործարքին, որի համար պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ դատախազության՝ ՊՆ-ն չգործող զորամասի տարածքը վաճառել է Խաչատուրովին, ինչ ձևակերպվել է երրորդ անձի անվամբ։