22 փետրվարի 2023 - 16:47 AMT
ՊԲ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը 2 ուղղությամբ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերական կայուն է։

ԱՀ ՊՆ-ն նաև հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը։

«Միևնուն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ին՝ ժամը 20։45-ից, մինչև փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն էր տարածել նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերն իբր կրակ բացելու մասին՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։