22 փետրվարի 2023 - 17:13 AMT
Իտալիայի մշակույթի նախարար․ Մեզ կարող եք վստահել ձեր տարածքում որևէ հուշարձանի վերականգնումը

Հայաստանում գտնվող Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպմանը հիշատակվել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրեր։

Իտալիայի մշակույթի նախարարը նշել է. «Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»:

Այս թեմայի համատեքստում Իտալիայի պատվիրակությունը կայցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հաջողությամբ ավարտել ենք հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող Rochemp ծրագրի առաջին փուլը և այժմ քննարկում ենք 2-րդ փուլի մեկնարկն իրականացնելու հնարավորությունները: Այս ծրագիրն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է»:

Նշվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:

ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է՝ իտալական փորձի հիման վրա:

Ջենարո Սանջուլիանոն հնարավոր է համարել իտալական կողմից մասնագետների տրամադրումը, մշակութային արժեքների պահպանության դպրոցի ստեղծումը, հնագիտության բնագավառում նախագծերի մշակումը:

Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով։

«Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա: Կարծում ենք՝ տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առարկա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։

Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին Իտալիայի կառավարությունը ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախանշվել են նաև նախորդ տարի Եղիշե Չարենցի 125 և այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակների համատեղ միջոցառումների կարևորությունն ու դերը մշակութային կապերի ամրապնդման գործում:

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: