22 փետրվարի 2023 - 18:52 AMT
Փելեշյանի 85-ամյակն է․ ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը շնորհավորել են

Փետրվարի 22-ին ծննդյան 85-ամյա հոբելյանն է նշում ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:

Ժաննա Անդրեասյանը Փելեշյանին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները: Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։

Արտավազդ Փելեշյան արվեստագետին գնահատանքի խոսք է ասել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է: Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի՝ անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը: Նա իր ուրույն տեղն ունի կինոկրթության մեջ, և նրա արվեստով ուսուցանում են արտասահմանյան հաստատություններում»,-ասել է նա:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում՝ ստանալով մեծ արձագանք:

«Արտավազդ Փելեշյանը բնապաշտ է, և նա ամեն ինչ գիտի բնության ուժի ու հավերժության մասին»,- եզրափակել է Խզմալյանը:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ Գյումրի): 1963թ-ից 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։ Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց։

Փելեշյանի վերջին «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։