23 փետրվարի 2023 - 16:06 AMT
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Ցեղասպանության թանգարան և Մատենադարան

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Իտալիայի պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: