23 փետրվարի 2023 - 18:52 AMT
Սերժ Սարգսյանի գործով դատարանում հարցաքննվել է «Մաքսուր» ՍՊԸ նախկին տնօրենը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը: Որպես վկա հարցաքննվել է «Մաքսուր» ՍՊԸ նախկին տնօրեն Արսեն Հարությունյանը։

Նրա ցուցմունքի համաձայն՝ ինքը կազմակերպչական և ֆինանսական հարցերով է զբաղվել, ընկերության փաստացի տնօրենը Խաչիկ Մանուկյանն էր, որն իրեն հրահանգել էր տենդերի մասնակցելու առաջարկ ներկայացնել, հայտնում է «Փաստինֆոն»։

Վկան Խաչիկ Մանուկյանի հետ ազգակցական կապ ունի:

Նա նշել է, որ մեկ լիտր դիզվառելիքի գինը տատանվում էր 420-430 դրամի սահմաններում, գինը հաշվարկել էր Խաչիկ Մանուկյանը: Նշվել է նաև, որ վառելիքը պետք է տրամադրեինք գյուղատնտեսական սուբյեկտներին և որ իր պաշտոնավարման տարիներին ընկերությունը վառելիքը ներկրում էր Իրանից:

Պատասխանելով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցերին՝ վկան նշել է, որ գյուղատնտեսության նախարարության որևէ պաշտոնատար անձի հետ ոչ հանդիպում է ունեցել, ոչ՝ խոսակցություն, ոչ էլ՝ շփում: Վկայի խոսքով՝ Խաչիկ Մանուկյանի առաջարկած գինը մրցունակ էր, իսկ թե ինչու է պայմանագիրը կնքվել ոչ թե իրենց, այլ՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ՝ վկան տեղեկություն չուներ:

Նիստին դատակոչված մյուս վկաները չէին ներկայացել: Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 9-ը ` ժամը 14:00-ն։

Քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15,391,765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 դրամը: