24 փետրվարի 2023 - 11:56 AMT
Վարդանյան․ Գիտեմ՝ ինչ ճնշում կա, բայց ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի

ԱՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում, որտեղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, ելույթ է ունեցել նաև վերջինս՝ նշելով, որ ինքը հրաժարական չի տվել, որ շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ են արել։

Նա նաև հայտարարել է, որ չի հեռանալու Արցախից։

«Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր»,-ասել է Վարդանյանը։

«Ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի՝ ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»,-ասել է նա։

Նա նշել է նաև, որ այդ տեսանկյունից գուցե իր համար ավելի հեշտ է և´ պաշտոնը ստանձնելը, և´ հանձնելը:

“Մենք պատերազմի մեջ ենք, և այս ուղղությամբ էր պետք պայքարել, ես հուսով եմ, որ իմ պայքարը ինչ-որ ձևով օգնել է բոլորիս՝ միասին հաղթահարելու այդ դժվարությունը…«Այս ընթացքում մենք բավականաչափ փորձ կուտակեցինք, հասկացանք մեր բացթողումները, արձանագրեցինք, թե որ ուղղություններով են աշխատանքները կատարվել թերի։ Կարևոր է, որ այս ամենից դասեր քաղենք և ամեն ինչ անենք, որ այդ թերացումները չկրկնվեն»,-ասել է նա՝ հավելելով, որ հիմա շատ ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, քան մինչև շրջափակումը։

«Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան՝ որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա թերևս իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։ Մյուս դժվարությունն այն էր, որ չկարողացա բացատրել, որ պայքար՝ նշանակում է, որ մենք ամեն օր հասկանանք, թե որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ինչպես կարողանանք օգտագործել մեր սահմանափակ ռեսուրսները։ Մեր պայքարը միայն զենքով չէ, և տնտեսության, և տեղեկատվության դաշտում է: Այս 112 օրը բերեց փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն ցույց տվեցին նոր իրավիճակ, նոր Արցախ։

Ինձ համար չկան նախկիններ, սորոսական, կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս ռազմական իրավիճակում գործ անել, և ովքեր պատրաստ են, իրար հետ մեջք մեջքի տված առաջ գնալ, հետ չենք նայում: Ովքեր պատրաստ չեն, իրենք պետք է կամ պատժվեն կամ դուրս գան այստեղից, որովհետև իրենք չպետք է խանգարեն մեր գործին:Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար»,-ասել է Վարդանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ կարող են հաղթարահել Ադրբեջանի կողմից կիրառվող «սալյամի» ռազմավարությունը, որը շատ վտանգավոր է:

«Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»,-ասել է Վարդանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ նա հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: