24 փետրվարի 2023 - 15:51 AMT
ԱԽ քարտուղար․ Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնենք այլընտրանքային լուծումներ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ-ին գազամատակարարման հնարավոր խափանումների մասին հարցին, ասել է, որ եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնեն այլընտրանքային լուծումներ։

Գրիգորյանն այդպես է պատասխանել դիտարկմանը, թե «Գազպրոմը» նվազեցրել է Հայաստան ուղարկվող գազի ծավալները և արդեն 8 օր է՝ ռուս մասնագետները չեն կարողանում այդ խցափակումը վերացնել և խնդիրը կարգավորել. նրան հարցրել են՝ «արդյո՞ք դա կարելի է ընկալել որպես զգուշացում Հայաստանին՝ չփորձեք սուվերեն որոշումներ կայացնել», հայտնում է Factor.am-ը։

«Մեզ ռուսական կողմը տեղեկացրել է, որ սա տեխնիկական հարց է։ Ես հույս ունեմ, որ այն իսկապես տեխնիկական հարց է․․․ Պետք է իրենցից ճշտել»,-ասել է Գրիգորյանը։

Այն հարցին, որ եթե հնարավոր չլինի, օրինակ, վեց ամիս այդ խցափակումը վերացնել, Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իրանական գազը, մինչև ՌԴ-ն կարողանա լուծել այդ խնդիրը, Գրիգորյանը պատասխանել է․ «Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կփորձի գտնել այլընտրանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորն իր խնդիրները լուծելն է և միշտ էլ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր»։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: