24 փետրվարի 2023 - 18:19 AMT
Գուրգեն Ներսիսյանն ընդունել է ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։ Այդ մասին հայտնել են Արցախի դատախազությունից, հայտնում է «Փաստինֆոն»։

«Առաջիկա օրերին կլինի հրամանագիրը։ Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,- հայտնել է Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

ԱՀ Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ նա հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: