25 փետրվարի 2023 - 10:48 AMT
Գուտերեշ. Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հայցերի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և հիշեցրել, որ դրանք պարտադիր են կատարման համար: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որով ՄԱԿ-ի ղեկավարի անունից հանդես է եկել նրա մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է միջազգային դատարանի նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի վստահությունը, որոնք դիմել են այդ մարմնին տարաձայնությունները լուծելու համար:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հավատում է, որ կողմերը կկատարեն դրանք, ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման մասին որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և կառուցողական երկխոսության կոչ է արել կողմերին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։