25 փետրվարի 2023 - 11:48 AMT
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այդ մասին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

Photo. Ria Novosti