21 ապրիլի 2009 - 23:07 AMT
Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ կլոր սեղանը տեղի կունենա Բրյուսելում
Ապրիլի 22-ին Բրյուսելում տեղի կունեն կլոր սեղան` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին հաղորդում է Եվրոպայում համահայկական բարեգործական միության (AGBU) ներկայացուցչությունը: Կլոր սեղանի շրջանակներում նախատեսվում է պատմաբան Ռուբեն Գալիչյանի ելույթը, ով կներկայացնի ներկա հայ-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես, թե ինչպես են մեր ժողովուրդների ներկայացուցիչները բնութագրում միմյանց:

Գալիչյանի ելույթում կներկայացվեն հնագույն, միջնադարյան եւ ժամանակակից աղբյուրները կանոնավոր կերպով աղավաղող ադրբեջանցի պատմաբանների կողմից կեղծումների եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածաշրջանում հայերի ներկայությունը վկայող պատմական ժառանգության նպատակադրված ոչնչացման փաստերը:

Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ կլինի նաեւ Եվրամիության օրակարգում ընդգրկված Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների կարգավորման արդիական թեման: Հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանի նպատակներից մեկը տարածաշրջանում հակամարտությունների եւ մշակութային ժառանգության ոչնչացման միջեւ գոյություն ունեցող փոխադարձ կապը ցույց տալն է: