28 փետրվարի 2023 - 11:32 AMT
ՌԴ ԱԳ նախարար․ Բաքուն և Մոսկվան մի քանի մեգանախագծեր են մշակում

Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքուն և Մոսկվան մի քանի մեգանախագծեր են մշակում։

Ըստ նրա, այդ նախագծերն ունենալու են ոչ միայն երկկողմ, այլև «տարածաշրջանային և ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ», գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ իր այցը Բաքու նվիրված է ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային գործընկերության մասին հռչակագրի ստորագրման մեկ ամյակին, որը ստորագրվել է նախորդ տարվա փետրվարի 22-ին։

«Այդ նախագծերի հանդեպ, որոնք դուք քննարկել եք նախագահ Պուտինի հետ, հետաքրքրություն են ներկայացնում մեր բազմաթիվ գործընկերներ։ Դա նույնպես ցուցիչ է, թե որքան հեռանկարային է փոխգործակցությունն այս տարածաշրջանում՝ ՌԴ և Ադրբեջանի առաջատար մասնակցությամբ»,-ասել է Լավրովը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։