28 փետրվարի 2023 - 13:54 AMT
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ

Փետրվարի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 8 հիվանդ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ անձինք տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 135 հիվանդ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։