22 ապրիլի 2009 - 02:26 AMT
Կալիֆորնիայի համալսարանում կքննարկեն Ցեղասպանության ազդեցությունը հայ մշակույթի վրա
Լոս Անջելեսի ուսանողներին հնարավորություն կընձեռվի իմանալ, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունն անդրադարձել հայկական մշակույթի վրա: Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում տեղի կունենա «Վերածնունդ` մշակույթի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» խորագրով միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ երիտասարդների դաշնությունը (AYF), Հայ ուսանողների ասոցիացիան (UCLA), Հայ երիտասարդության միավորումն ու All-ASA կոնֆեդերացիան:

«Արդեն շուրջ մեկ դար է, ինչ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի մասին: Ցեղասպանության արդյունքում ոչ միայն 1,5 մլն հայեր զոհվեցին, ոչ միայն կորսվեցին մեր պատմական հողերն, այլ նաեւ կտրուկ փոխվեց հայոց մշակույթը»,-հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Մարիամ Ծատուրյանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն այն փոխակերպումներն, որին ենթարկվեցին հայ գրականությունն ու մշակույթը Հայոց ցեղասպանության պատճառով: Զեկույցներով հանդես կգան Վահե Բերբերյանն ու Լիլի Թոմասյանը: